Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ոչ ոք չի ուզում զիջել

Ոչ ոք չի ուզում զիջել
12.11.2013 | 11:42

Եվրոպական ֆուտբոլային առաջատար տերությունների առաջնությունները շարունակում են հմայել իրենց լարվածությամբ: Սա նույնչափ բնական է, որչափ բնական է նրանց կատարմամբ մատուցված անաստվածորեն գեղեցիկ ֆուտբոլը` իսկական տոն ֆուտբոլասերների համար, ովքեր հաճախ մոլորվում են հանդիպումներից առաջ սրան կամ նրան առաջնություն տալու հարցում, եթե, իհարկե, չունեն իրենց նախընտրած ակումբը կամ ակումբները: Առանց վարանելու կավելացնեի նաև` ֆուտբոլիստը կամ ֆուտբոլիստները:

Իսպանիայի առաջնության տասներեքերորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով պարտության մատնեց «Ռեալ Սոսիեդադին»: Երեք գոլի հեղինակ դարձավ Քրիշտիանու Ռոնալդուն, ում ակտիվում է արդեն տասնվեց գնդակ: Ի դեպ, վերջին երեք խաղում սա պորտուգալացու երկրորդ հեթ տրիկն էր:
Հաղթելու անհագ ձգտումով կրկին առանձնացավ «Բարսելոնը»` չորս անպատասխան գնդակ ուղարկելով տանտերերի` «Բետիսի» դարպասը: Նշենք, որ խաղը շարունակել չկարողանալու պատճառով հանդիպման արդեն քսաներկուերորդ րոպեին փոխարինվել է Մեսին, ում առողջական վիճակն ընթացիկ մրցաշրջանում էապես խոչնդոտում է ֆուտբոլային հրաշքին հանդես գալու իր հնարավորությունների առավելագույնով, ինչը, գիտեք, սահմաններ չի ճանաչում: Ինչ վերաբերում է Մադրիդի «Աթլետիկոյին», հյուրընկալվելիս «Վիլյառեալի» հետ պայքարում Սիմեոնեի թիմը չկարողացավ պահպանել խաղի հաղթական 1:0 հաշիվը ու հարկադրված տուն վերադարձավ մեկ միավոր վաստակած: Տասներեք տուրից հետո կատալոնյան ակումբի անվան դիմաց գրանցված է երեսունյոթ միավոր, ինչը երեք միավորով գերազանցում է «Աթլետիկոյի» ունեցածը, որն էլ իր հերթին նույնպիսի առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ:
«Աուգսբուրգին» հաղթելու դեպքում «Բավարիան» ներքին առաջնությունում հաղթական հանդիպումների թիվը կարող էր հասցնել երեսունյոթի: Գվարդիոլայի թիմը հաջողությամբ հաղթահարեց ռեկորդային բնագիծը` մրցակցի նկատմամբ առավելության հասնելով 3:0 հաշվով ու արդեն չորս միավորով առաջ անցնելով Դորտմունդի «Բորուսիայից», որը Չեմպիոնների լիգայում «Արսենալից» կրած պարտության ցնցակաթվածից դեռ չի ապաքինվել ու հյուրընկալվելիս չկարողացավ դիմանալ «Վոլֆսբուրգի» ճնշմանը` զիջելով` 1։2 հաշվով: «Գայլերը» տարան կամային հաղթանակ` «Բավարիայի» նման այս առաջնությունում շարունակելով մնալ ոչ-ոքի ասված պարզագույն բանն այդպես էլ չյուրացրած երկրորդ թիմը: Միավորներով «Բորուսիային» հասնելու իր շանսը ձեռքից բաց չթողեց «Բայերը»` հյուրընկալելիս պարտության մատնելով «Համբուրգին»` 5:3:
Անգլիայի պրեմիեր լիգայում «Վեստ Բրոմվիչի» հետ տնային խաղում «Չելսին» լոկ վերջին վայրկյաններին կարողացավ խուսափել պարտությունից ու, հավանաբար, առժամանակ Մոուրինյոյին հնարավորություն չտալով խոսելու իր ու իր թիմի դեմ մրցավարների դավադրությունից, որովհետև հօգուտ լոնդոնցիների նշանակված տասնմեկմետրանոցը պարզապես երկնային պարգև էր ¥կողմերն իրարից բաժանվել են երկուական գոլ փոխանակած¤:
Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական վերադառնալու գրոհը հաջողությամբ ավարտեց «Լիվերպուլը»` չորս անպատասխան գնդակ ուղարկելով «Ֆուլհեմի» դարպասը (դուբլի հեղինակ է դարձել Սուարեսը): Չորս գնդակ խփեց, սակայն երեք գնդակի առավելությամբ «Հալլ Սիթիին» հաղթեց «Սաութհեմփթոնը»` բարձրանալով աղյուսակի երրորդ հորիզոնական: Սակայն պրեմիեր լիգայի տուրի թիվ մեկ հանդիպումը «Մանչեստր Յունայթեդ»-«Արսենալ» օլդտրաֆորդյան առճակատումն էր: Հաղթանակը վերջինիս «Լիվերպուլի» նկատմամբ կտար արդեն հինգ միավորի առավելություն, սակայն այնպես էլ չէ, թե «Յունայթեդը» հաշտվել է աղյուսակի միջին հորիզոնականներին ու իրեն դուրս է դրել չեմպիոնական մրցավազքից: Խաղն արտակարգ լարված ու նույնքան գեղեցիկ ստացվեց: Հաջողությունը ժպտաց վերջինիս. վճռորոշ եղավ Ռոբին վան Պերսիի խփած միակ գոլը, ինչը թիմին հնարավորություն տվեց ունեցած քսան միավորով նստելու առաջին քառյակը կազմողների շնչին:
Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն 3:1 հաշվով պարտության մատնեց «Նիցցային» ու ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը` երեսունմեկ միավոր (իր անվան դիմաց հեթ տրիկ գրանցեց Զլատան Իբրահիմովիչը), քանի որ նրան հետապնդող «Լիլն» ու «Մոնակոն» «Գենգամի» և «Էվիանի» հետ պայքարում բավարարվեցին մեկական միավոր վաստակելով: «Լիլի» ակտիվում է քսանյոթ միավոր, նրանից մեկ միավոր պակաս ունի «Մոնակոն»:
Իտալիայի առաջնությունում տուրի կենտրոնական հանդիպումը քսանութական միավոր ունեցող ու երկրորդ-երրորդ տեղերը կիսող «Յուվենտուսի» ու «Նապոլիի» առճակատումն էր: «Ծեր սինյորան», որը Չեմպիոնների լիգայի խմբայինում թեթևամտորեն իր համար ստեղծել է ծայրահեղ ծանր վիճակ, «Նապոլիի» հետ խաղում հանդես եկավ մեծ վերելքով` երեք անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Այս հաղթանակը «Յուվեին» հնարավորություն տվեց ընդհուպ մոտենալու «Ռոմային», որը տասն անընդմեջ հաղթանակից հետո արդեն երկրորդ խաղն է ավարտում ոչ-ոքի: Հատկապես ցավագին էր այս վերջինը, որտեղ մրցաշարի հետնապահներից մեկը` «Սասուոլոն», վերջին վայրկյաններին հավասարեցրեց հաշիվը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ